Foreign Policy ամսագրում չորեքշաբթի օրը հրատարակված զեկույցում ասվում է, որ ԱՄՆ վարչակազմի պաշտոնայները հայտնել են, որ Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդային բազաներն՝ Իրանի միջուկային հաստատությունների վրա ռազմական հարձակում իրականացնելու համար:
Պաշտոնյաներն ասել են, որ Իսրայելը գնել է օդային տարածք և այդ օդային տարածքի անունը Ադրբեջան է:
Եթե անգամ Իսրայելն այդ տարածքը չօգտագործի Իրանի դեմ ուղղակի օդային հարձակման համար, Ադրբեջանն, այնուամենայնիվ, տարածաշրջանում օգտակար կլինի Երուսաղեմի շահերին:
Foreign Policy–ի զեկույցում ասվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կարծում է, որ Երուսաղեմ-Բաքու հարաբերությունները մեծացնում են Իրանի դեմ Իսրայելի ռազմական հարձակման հավանականությունը: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն ասել են, որ Իսրայելի ռազմական ներկայությունն Ադրբեջանում բարդացնում է ԱՄՆ-ի ջանքերը՝ Իսրայել-Իրան հարաբերությունները բարելավելու հարցում: Պաշտոնյաներից մեկն ասել է. «Մենք տեսնում ենք, թե ինչ է Իսրայելն անում Ադրբեջանում, և դա մեզ չի ուրախացնում»:







































