«Հրապարակ»-ը գրում է, որ ՀՀ կառավարությունը որոշել է պետական մարմիններում ներդնել «լորիսների» ինստիտուտը:
«Վերջերս որոշում է ընդունել, որով սահմանել է հանրային ծառայողի կողմից այլ ծառայողի «անօրինական, կոռուպցիոն բնույթի գործողությունների մասին համապատասխան պաշտոնատար անձանց, պետական մարմիններին տեղեկացնելու կարգը»: Ըստ այդմ, պետական ծառայողները` կառավարության, նախարարությունների և այլ գերատեսչությունների աշխատակիցները, պետք է ուշադիր լինեն մեկը մյուսի հանդեպ ու գործընկերոջ կասկածելի վարքի մասին գրավոր տեղեկացնեն վերադասին, էթիկայի հանձնաժողովին կամ պատկան մարմիններին:
Թե ինչ պատիժ է նախատեսվում գործընկերոջ կամ վերադասի մասին չհայտնած ծառայողներին, հայտնի չէ:
Ի դեպ, սա իշխանության համար ավելի նպաստավոր կարող է լինել նախընտրական շրջանում. հայտնի է, որ հանրային ծառայողներին արգելված է այս կամ այն կուսակցության օգտին աշխատել: Այդպիսով իշխանությունը կիմանա, թե պետական ծառայողներից ով ում օգտին է աշխատում:
Պետական ծառայողները գտնում են, որ իրենք չեն, որ պիտի բնութագրեն ու որոշեն աշխատակցի վարքուբարքը, առավել ևս դրա մասին տեղեկացնեն ղեկավարությանը կամ պատկան մարմիններին»:










































