Չնայած սոցիալական ցանցերի արագ աճին, E-mail-ը դեռևս պահպանում է իր դիրքերը որպես աշխարհում առավել տարածված ինտերնետ-հաղորդակցության միջոց: Այս մասին գրում է Mashable կայքը՝ վկայակոչելով Ipsos վերլուծական ընկերության հետազոտությունները:
Ipsos-ի անցկացրած հարցմանը մասնակցել է ավելի քան 19 հազար մարդ՝ աշխարհի 24 երկրներից: Պարզվել է, որ հարցվածների 85%-ն ինտերնետն օգտագործել է էլեկտրոնային փոստով աշխատելու համար, իսկ սոցիալական ցանցերում շփման համար՝ միայն 62%-ը:
Միևնույն ժամանակ, կարևոր փաստ է այն, որ ինտերնետ օգտագործողների մեծ մասն այժմ շփվում է սոցցանցերում:
Տարբեր երկրներում ինտերնետի օգտագործման նպատակի պատկերը փոփոխվում է: Օրինակ՝ Հունգարիայում հարցվածների 94%-ը ինտերնետն օգտագործում են E-mail-ը ստուգելու համար, իսկ Սաուդյան Արաբիայում`ընդամենը 36%-ը: Սոցիալական ցանցերը, ֆորումներն ու բլոգերն առավել տարածված ինտերնետ-ուղղություններ են Ինդոնեզիայում (83%), Արգենտինայում (76%) և Ռուսաստանում (75%), իսկ ամենաքիչը դրանք հետաքրքրում են Ճապոնիայի օգտվողներին (35%):
Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցն այժմ Facebook-ն է, որի օգտվողների թիվն ամբողջ աշխարհում գերազանցում է 845 մլն-ը: Սակայն Facebook-ը ևս ճանաչել է E-mail-ի կարևորությունը օգտագործողի համար: Առավել հայտնի սոցիալական ցանց է համարվում նաև Skype-ը, որտեղ գրանցվածների թիվը գերազանցում է 500 մլն-ը, իսկ օրական Skype-ից օգտվում է ավելի քան 170 մլն մարդ:











































