Չինական ավտոբուսների ներկրումը դրական երևույթ է այն առումով, որ Երևանում փոխվում է ավտոբուսների ու միկրոավտոբուսների համամասնությունը՝ միկրոավտոբուսների տեսակարար կշիռը կպակասի: Նման կարծիք «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա բնորոշմամբ՝ դա չարյաց փոքրագույնն է, բայց չարիք է:
«Դա կոչվում է միջին չափի ավտոբուս, իսկ մենք միջին չափի մարդիկ չենք և պատշաճ երթևեկելու իրավունք ունենք: Այդ գործարքի՝ նվերի, պայմանները չեն բացահայտվում, և դա վատ է: Անընդհատ ասում են՝ նվեր է, իսկ ո՞վ է հենց այնպես նվեր տալիս: Հայտարարվել է, որ ևս 250 հատ պետք է ներկրվի՝ արդեն կոմերցիոն գնման կարգով՝ մասնավոր կառույցների կողմից: Այսինքն՝ նվեր են տվել՝ հաջորդ խմբաքանակն ավելի շատ և թանկ վաճառելու պայմանով»,- ասաց Ա. Պողոսյանը:
Նրա գնահատականով՝ չինականը հոմանիշ է անորակին, ու դրա որակը ՀՀ քաղաքացիները զգացել են իրենց մաշկի վրա. նախորդ չինական ավոտբուսները չկարողացան հաղթահարել Կոմիտասի փողոցի վերելքը, միաժամանակ նաև նեղվածք է, անհարմար է:
«Սա կարկատանային տնտեսական քաղաքականություն է: Մեր երկրում էլեկտրատրանսպորտի մասին ոչ մի խոսակցություն չկա: Իսկ եթե էլեկտրատրանսպորտի զարգացումը ծրագրում էլ չկա, ապա այս բոլորը զուր է: Սա կոչվում է արատավոր տնտեսական քաղաքականություն»,- շեշտեց սպառողների շահերի պաշտպանը:
Ընդ որում, չինական այս ավտոբուսներն ավելի շատ վառելիք են ծախսում, քան ուկրաինական «Բոգդան»-ները: Թեև, ըստ Ա. Պողոսյանի, մեքենաները պետք է մի քիչ աշխատեն, որ շահագործման ընթացքում երևա դրանց որակը, սակայն հիմնավոր կասկածներ կան, որ համեմատության մեջ դրանք զիջում են: «Ինչո՞ւ Եվրոպայից չներկրենք: Եթե Չինաստանը մեզ բարեկամական երկիր է, Ֆրանսիան էլ է բարեկամական, և ինչո՞ւ համաձայնություն ձեռք չեն բերում Ֆրանսիայի հետ, որ նպաստավոր պայմաններով կամ լիզինգով բերեն»,- նկատեց Ա. Պողոսյանը՝ հավելելով, թե չինական ավտոբուս գնել կարող է միայն ՀՀ–ի նման երկիրը, իսկ Եվրոպայում նման մեքենաների շահագործումը բացառվում է:








































