Կանադայի բջջային էլեկտրոնիկա արտադրող Research in Motion ընկերությունը հետաձգել է ֆինանսական վերլուծաբանների ամենամյա շնորհանդեսը մինչև հաջորդ սերնդի սմարթֆոնների՝ BlackBerry 10-ի թողարկումը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Որպես կանոն, RIM-ի ղեկավարությունը ֆինանսական փորձագետների հետ հանդիպում է մայիսին՝ BlackBerry-ի կոնֆերանսի ժամանակ: Սակայն, ըստ ընկերության ներկայացուցիչների, այս տարի RIM-ը որոշել է համաժողովի թեման կենտրոնացնել սպառողների, մշակողների և գործընկերների շահերի վրա:
BlackBerry 10 նոր օպերացիոն համակարգի թողարկումը RIM-ին թույլ կտա իր սմարթֆոններն ու պլանշետային համակարգիչները միավորել ծրագրային մեկ համակարգի մեջ:
Նոր օպերացիոն համակարգի թողարկման կոնկրետ ամսաթիվը չի նշվում, սակայն նախատեսվում է, որ առաջին սարքավորումները վաճառքի կհանվեն ոչ շուտ, քան 2012թ. երկրորդ կեսին: