2014 թ. Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի հեռանալուց հետո այդ երկրում անվտանգության մակարդակը կարող է նվազել, իսկ ահաբեկչական և ֆունդամենտալիստական տրամադրությունները՝ միայն աճել: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիեն:
«ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումը Աֆղանստանից մի շարք բաներ կփոխի,- ասել է Զանիեն, որի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:- Առաջիկայում անհրաժեմտ կլինի կարգավորել կապերը Աֆղանստանի և հարևան երկրների անվտանգության ուժերի միջև, քանի որ դա առավել արդյունավետ ճանապարհ է անվտանգության մարտահրավերների դեմ պայքարելու համար»:
Հիշեցնենք, մարտի 13-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ ամերիկացի զինծառայողի կողմից 16 աֆղան խաղաղ բնակիչների սպանությունից հետո միջազգային կոալիցիայի ուժերը չեն շտապի դուրս գալ Աֆղանստանից: Նա ընդգծեց, որ կատարվածը չի փոխի ԱՄՆ ռազմավարությունը և չի անդրադառնա այդ երկրում ամերիկյան զորքերի ներկայության վրա:
Այս պահին Աֆղանստանում գտնվում են 90 հազար ամերիկացի զինծառայողներ, մինչև սեպտեմբերի վերջը նրանց թիվը կկրճատվի մինչև 68 հազարը:











































