Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում հրապարակել է համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները, որոնց մեջ կարելի է բավական ուշագրավ տեղեկություններ գտնել: Այս մասին փոխանցում է «Մեդիամաքս»-ը:
Պարզվում է, որ հակումը «մոգական» թվերի հանդեպ Հայաստանում արտահայտվում է ոչ միայն մեքենաների պետհամարանիշներում, այլև անձնագրերի սերիական համարներում:
Այս առումով առաջատարը ԲՀԿ ու ՀՀԿ ցուցակներն են:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի անձնագրի համարն է AK 0688888: 4-րդ տեղը զբաղեցնող ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանի անձնագրի համարն էլ է «հիշվող»` AM 0303333: Պակաս տպավորիչ չէ 8-րդ տեղում գտնվող առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի անձնագրի համարը` AH 0500000:
ՀՀԿ ցուցակը գլխավորող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անձնագրի համարն է AF 0555555: 2-րդ տեղում գտնվող Հովիկ Աբրահամյանի անձնագրի համարն է AK 0200020, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանի անձնագրի համարը «սովորական է»` AG 0463473: 10-րդ հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Բեգլարյանի անձնագրի համարը ևս «գոլդ» է` AM 0477777: Հիշվող է նաև 13-րդ տեղում գտնվող Դավիթ Հարությունյանի անձնագրի համարը` AH 0222777:
ՕԵԿ-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանի անձնագրի համարում թվերի յուրահատուկ համընկումներ չկան`AH0232425: Իսկ երրորդ հորիզոնականում գտնվող արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի անձնագրի համարն է AH0222277:
ՀԱԿ-ի ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անձնագրի համարն է AH0330416: Որոշ վերապահմամբ «gold» կարող է համարվել ՀԱԿ-ի ցուցակի 12-րդ հորիզոնականը զբաղեցնող Սարիբեկ Սուքիասյանի անձնագրի համարը` AM0400100:
ՀՅԴ և Ժառանգության ցուցակների վերին մասերում «տպավորիչ» անձնագրի համարներ, կարծես, չկան:










































