ԱՄՆ ֆինանսների նախարարությունն այսօր հայտարարել է իրանական «Ալ-Քուդս» հատուկ ծառայության (մտնում է «Իսլամական հեղափոխության պահապանների» կազմի մեջ) երեք ներկայացուցիչների, ինչպես նաև ավիափոխադրող ընկերության նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին` մեղադրելով նրանց Մերձավոր Արևելք և Աֆրիկա զենք մատակարարելու մեջ:
Ինչպես հաղորդվում է տարածած հայտարարության մեջ, Իսմայիլ Հանին, Սայիդ Ալի Աքբարը և Հուսեյն Աղաջանին, օգտագործելով իրանական «Յաս էյր» ավիաընկերությունը, Լիբանան և Աֆրիկա զենք են տեղափոխել, դրանով իսկ ցուցադրելով միջազգային պատժամիջոցները շրջանցելու և Մերձավոր Արևելքում անկայունության հաստատմանը նպաստելու Իրանի ձգտումները:
«Իրանը չի դադարում կործանիչ ազդեցություն ունենալ Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և այլ տարածաշրջանների վրա։ Քանի դեռ Իրանը շարունակում է զենք արտահանել՝ Սիրիայում և Աֆրիկայում ուժի գործադրմանը նպաստելու համար, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը շարունակելու է հետագայում էլ նման գործերի մեջ ներգրավված իրանական պաշտոնյաներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու գործը»- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական հետախուզման գծով տեղակալ Դևիդ Քոենը
Վերը նշված պատժամիջոցները նշանակում են, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «Ալ- Քուդս» և«Յաս էյր» ընկերությունների ներկայացուցիչների բանկային հաշիվները կսառեցնի: Բացի դրանից, ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվում է նրանց հետ ցանկացած տիպի գործարք իրականացնել:









































