Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է 2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի մարտական դիրքերում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը:
Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այսօրվա նսիտում դատարանը մերժել է դատախազ Հարություն Հարությունյանի դեմ տուժող կողմի իրավահաջորդի ներկայացրած բացարկի միջնորդությունը, որը տուժող կողմը ներկայացրել էր նախաքննության ընթացքում կատարված կեղծիքների համար, և որին միացել էին նաև բոլոր ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները:
Մեղադրող Հարություն Հարությունյանը, ով նշված քննության ժամանակ եղել է գործը վերահսկող դատախազը, այսօր դատարանում հայտարարել է, որ թեև չի հերքում այն հանգամանքը, որ քննիչը կարող էր խաբեությամբ կեղծ ցուցմունք կորզել վկայից, բայցևայնպես, այդ պահին ինքը քննիչի կողքին չի եղել և այդ մասին տեղյակ չէ:
Դատարանում այսօր հարցաքննվել է նաև գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանը, ով ըստ նախաքննության՝ դեպքի ժամանակ եղել է արձակուրդում, հիվանդանոցում բուժվել է և դեպքից տեղյակ չէ: Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո նա ավելացրել է, որ ինքը չի ասել, որ զինվորները տեղեկություն ունեն Արտակ Նազարյանի ծեծվելու մասին, ինչը գուցե սխալմունք է եղել կամ էլ քննիչը իրեն ճիշտ չի հասկացել ու սխալ արձանագրություն է կազմել այդ փաստի վերաբերյալ: Վկան դատարանում հայտնել է, որ Արտակ Նազարյանին զինվորների ծեծելու վերաբերյալ որևէ տեղեկություն չունի, բացի դրանից` Արտակ Նազարյանը ֆիզիկապես ուժեղ է եղել, և զինվորները չէին կարող նրան ծեծել:
Հիշեցնենք, որ նախորդ նիստում բացահայտվեց նախաքննական մարմինների կողմից կատարված երեք կեղծիք: Նախ վկա Արտակ Հովհաննիսյանը պնդեց, որ դեպքի վայրում ոչ մի քննչական գործողության չի մասնակցել և ոչ մի արձանագրություն չի ստորագրել: Նա չկարողացավ բացատրել, թե ինչպես են իր ստորագրությունները հայտնվել քննչական գործողությունների արձանագրությունների տակ: Սա ենթադրել է տալիս, որ արձանագրությունները կազմվել են ոչ թե դեպքի վայրում, այլ ավելի ուշ, հետին թվով, և Հովհաննիսյանի ստորագրությունը կորզվել է այն 9 օրում, երբ նա ապօրինաբար պահվել է Ռազմական ոստիկանությունում:
Վկա Ռաֆայել Էվոյանը դատարանում հստակ և անվարան հայտարարեց, որ գործում տեղ գտած ցուցմունքը, որը իր անունից գրի է առել քննիչ Լևոն Պետրոսյանը, ամբողջությամբ կեղծված է և ոչ մի բառով չի համապատասխանում իր պատմածին: Ավելին՝ վկան չբացառեց, որ կեղծել են նաև իր ստորագրությունները, որոնք դրվել էին ցուցմունքի բոլոր 5 թերթերի վրա, մինչդեռ վկան էջ-էջուկես ցուցմունք էր տվել ընդամենը:
Կեղծված ցուցմունքում կատարվել էր մեկ այլ կեղծիք: Քրեական գործի պատճենները գործում ներգրավված կողմերին տրամադրելուց հետո՝ բնօրինակում նույնագույն գրիչով փոփոխվել էին ցուցմունքում նշված ամսաթվերը:
Գործով հաջորդ նիստը նշանակվել է ապրիիլի 17-ին, որի ընթացքում կհարցաքննվի վկա Գարեգին Սայադյանը:











































