Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննարկել են միջուկային անվտանգության խնդիրներ, նաև ուկրաինական կողմի խնդրանքով անդրադարձել են Չեռնոբիլի ԱԷԿ-ի հիման վրա գիտահետազոտական կենտրոն ստեղծելու հարցին: Unian.net-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Սեուլում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
«Դրան հաջորդում է Ուկրաինայի նախաձեռնությունը, որին դեռ պատասխան չկա, սակայն այն քննարկման փուլում է, դա համաշխարհային չափանիշներին համապատասխան գիտահետազոտական կենտրոնի ստեղծումն է Չեռնոբիլի ԱԷԿ-ում: Մենք հիմնականում այս մասին ենք խոսել»,- ասել է Յանուկովիչը: Նա միաժամանակ նկատել է, որ Ուկրաինայի փորձը, որ կուտակվել է ատոմակայանի վթարից 25 տարի անց, օգտակար կլինի ամբողջ աշխարհի համար:
Ուկրաինայի նախագահը կարծում է, որ գիտահետազոտական կենտրոնի աշխատանքներին ցանկալի կլիներ ներգրավել նաև Ճապոնիային, որը նույնպես փորձ ունի այդ կարգի վթարների հաղթահարման հարցում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահը գտնվում է Հարավային Կորեայում`միջուկային անվտանգության հարցերին նվիրված գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:







































