Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թբիլիսիում բացվում է Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի երկրորդ նիստը: Այս մասին հայտարարել է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամը:
Նշվում է, որ երիտասարդական խորհրդարանի նիստը կայանում է «Ժողովրդավարությունը սկսվում է քեզանից» նախագծի շրջանակներում: Նիստի արդյունքներով ընդունվելու է փաստաթուղթ, որը ներկայացվելու է Եվրախորհրդարանին:
Նիստի բացմանը մասնակցելու են Վրաստանի գիտության ու կրթության նախարար Դմիտրի Շաշկինը, Հայաստանի կրթության նախարարության ներկայացուցիչները, Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչության փոխղեկավար Բորիս Յարոշևիչը:
«Ժողովրդավարությունը սկսվում է քեզանից» նախագծի գլխավոր կարգախոսը հետևյալն է. «Ժողովրդավարությունը պետք է զգաս քո մեջ և ոչ թե սերտես գրքերում»: Այս նախագիծը Հարավային Կովկասի ուսուցիչներին հնարավորություն է ընձեռում սերտել քաղաքացիական կրթության հմտությունները, որոնք կօգնեն նրանց աշակերտներին ժողովրդավարական սկզբունքները գործնականում կիրառելու հարցում:











































