Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսը չի թույլատրել, որ պատգամավորներից ու քաղաքապետերից բաղկացած թուրքական պատվիրակությունն այցելի Գազայի հատված և ուսումնասիրի նրան հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցը:
Նշվում է, որ թուրքական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի փոխխոսնակ Մուրադ Այդընը: Վերջինս դիմել է եգիպտական իշխանություններին, որպեսզի երկու խմբից բաղկացած թուրքական պատվիրակությունը սահմանային «Ռաֆահ» անցակետով մուտք գործի Գազայի հատված, սակայն մերժում է ստացել:
Թուրքական պատվիրակությունը նշել է, որ իրենք Գազա էին մեկնում խաղաղությամբ, բարեկամությամբ ու եղբայրությամբ, սակայն Եգիպտոսի հարուցած խոչընդոտը բավական հիասթափեցրել է իրենց:










































