Ոստիկանության պարտականությունների շրջանակում է տեղավորվում ընտրարշավին աջակցելը: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը`խոսելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ստեղծված օպերատիվ շտաբի մասին, որը նպատակ ունի ապահովել արդար և թափանցիկ համապետական ընտրությունները:
Պատգամավորը նշեց, որ ոչ թե անհրաժեշտություն կա, այլ նաև իրենց պարտականությունների շրջանակում է տեղավորվում նորմալ ընտրարշավ կազմակերպելու հետ կապված խնդիրները: «Ընտրական օրենսգրքում հատուկ նշված է քվեարկության օրը ընտրատեղամասում ոստիկանների պարտականությունների մասին: Անկախ հանձնաժողովի նախագահի հրավիրելուց կամ չհրավիրելուց, ոստիկանները պետք է կարգ ու կանոն պաշտպանեն»,- նկատեց Ա. Մարտիրոսյանը` նորմալ համարելով այն, որ ոստիկանությունը ցանկանում է իր պարտականությունների շրջանակում որևէ գործառույթ իրականացնել:
Հիշեցնենք, որ օրերս կայացած խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետը պատասխանատուներից հստակ ու համագործակցված աշխատանք է պահանջել` նշելով, որ ոստիկանությունը համագործակցություն է առաջարկում նաև քաղաքական ուժերի նախընտրական շտաբներին՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով ապահովել արդար ու թափանցիկ համապետական ընտրություններ:










































