Չնայած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ամանորի իր ելույթում հայտարարել էր, թե ինքը դեռ երկար է աշխատելու Սյունիքում, սակայն վերջին օրերին նրա պաշտոնանկության մասին լուրերը թեժանում են: Ըստ որոշ վերլուծաբանների՝ մարզպետը նման խոսակցությունները միշտ հերքում էր: Սակայն այս անգամ նա ասել է, որ «պաշտոնը հավերժ չէ, և յուրաքանչյուրը նշանակվելուց պետք է մտածի նաև մի օր ազատվելու մասին»: Մեր ունեցած տեղեկություններով, Սյունիքի մարզպետարանում նույնպես անկումային տրամադրություններ են: Որպես Սյունիքի մարզպետի ամենահավանական թեկնածու՝ շրջանառվում է ՀՀ սպորտի և երիտասարդության փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանի անունը: Վերջինս սակայն հայտարարել է, որ իրեն նման առաջարկ չի արվել, ու ինքը շարունակում է աշխատել` նպաստելով Հայաստանում առողջ ապրելակերպին ու սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Արդյոք համապետական ընտրություններից առաջ Ս. Սարգսյանը կգնա՞ նման փոփոխության: Ի դեպ, Ս. Սարգսյանը միշտ առիթը բաց չի թողել դրվատելու երիտասարդ արծվին`ասելով. «Պետք է Խաչիկի նման աշխատել»։