«Կիրակի օրը` առավոտից, Երևանի բենզալցակայաններում բենզինի բոլոր տեսակների մեկ լիտրը թանկացավ 20 դրամով կամ միանգամից 4 տոկոսով: Երեկ օրվա երկրորդ կեսին, սակայն, որոշ բենզալցակայաններ գինը նվազեցրին 10 դրամով,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Ներկայումս բենզալցակայանների մեծամասնությունում մեկ լիտր «Ռեգուլյարը» վաճառվում է 480 դրամով, «Պրեմիումը»` 500 դրամով, «Սուպերը»` 530 դրամով: 10 դրամով թանկացել է նաև դիզվառելիքը` 460-ից հասնելով 470-ի: Հեղուկ վառելիք ներկրողներին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ գների բարձրացումը պայմանավորված է ոչ այնքան միջազգային գների փոփոխություններով, որքան` ներքին սպասումներով:
Խոսքը դրամի զգալի արժեզրկման սպասումների մասին է, որը պայմանավորված է Իրանից կանխատեսվածից քիչ զբոսաշրջիկների ժամանումով: Բենզին ներկրողները հաշվարկում են, որ այս շաբաթվա վերջին, երբ կավարտվի Նովրուզը, և իրանցիները կվերադառնան հայրենիք, դրամը կարող է արժեզրկվել 4-5 տոկոսով: Այսինքն, մեկ դոլարի գինը կարող է անցնել 400 դրամի սահմանագիծը: Իսկ ներկրողների համար փոխարժեքը գնի վրա ազդող ամենամեծ գործոններից է»:








































