Հայ հեղափոխական դաշնակցության ընտրական ցուցակները համալրվել են տնտեսական ոլորտի ներկայացուցիչներով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը չցանկացավ գնահատել, թե մյուս կուսակցությունների ցուցակներում որքանով է բավարար ներկայացված տնտեսական միտքը`նշելով միայն, որ ավելի ճիշտ է, որ դա կարևորվեր:
«Մենք նախկինում էլ ունեցել ենք ներկայացուցիչներ, և հիմա մեր թիմը համալրվել է մի քանի կարող անձանցով, որովհետև համարում ենք, որ առավել մեծ ծավալով աշխատանք պետք է արվի այդ ուղղությամբ»,- ասաց Ա. Շահբազյանը՝ նշելով, որ ՀՅԴ ցուցակում կան նաև անձինք, որ գործարարներ են եղել, ունեն նաև փորձագետների ուժեղ թիմ:
Բացի Արծվիկ Մինասյանից և Արա Նռանյանից, որպես նոր անուններ Ա. Շահբազյանը ՀՅԴ ցուցակում նշեց Աշոտ Եղիազարյանին, ով տնտեսագիտության թեկնածու է և դասավանդում է, նաև Արամայիս Գրիգորյանին (գյուղատնտեսության նախկին նախարար):






































