Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական առաջատար ընկերությունները շահագրգռված են «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու անվտանգության ապահովմամբ: Խոսքը վերաբերում է իսրայելական «Նաիս» և «Դիսենտեկ» ընկերություններին, որոնք արտադրում են պաշտպանության բարձր տեխնոլոգիական մեխանիզմներ:
Տվյալ խնդրի հետ կապված՝ իսրայելական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել Վրաստանի ենթակառույցների ու տարածաշրջանային զարգացման նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին: Վերջինս հայտարարել է, որ հանդիպման ժամանակ իրենց քննարկման հիմնական հարցը եղել է անվտանգության մեխանիզմների կիրառումը:
Իսրայելական ընկերությունները շահագրգռվածություն են ցուցաբերել Վրաստանում մի շարք օբյեկտների, այդ թվում՝ նաև ԲԹԿ-ի անվտանգության ապահովման նկատմամբ: Ընդ որում՝ իսրայելական ընկերությունները պատրաստ են ԲԹԿ-ի անվտանգությունն ապահովել ոչ միայն Վրաստանում, այլև՝ Ադրբեջանում ու Թուրքիայում:
Նշվում է, որ «Նաիս» ընկերությունն աշխարհի 20 երկրներում սպասարկում է մինչև 25,000 կառույցների, իսկ «Դիսենտեկ» ընկերությունը բարձր տեխնոլոգիաների արտադրության առաջատարներից մեկն է:








































