Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը չի ճանաչում Աբխազիայում ու Հարավային Օսիայում կայացած ընտրությունները: Այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Աբխազիայում անցկացվեց խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, իսկ մարտի 25-ին Հարավային Օսիայում՝ նախագահական ընտրությունների առաջին փուլը:
Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանի բնակչության մեծ մասը վտարվել է Աբխազիայում ու Հարավային Օսիայում գտնվող իրենց տներից, ուստի նրանք հնարավորություն չունեն ո՛չ մասնակցել այդ ընտրություններին, ո՛չ էլ վերադառնալ իրենց տները:
Հաղորդագրության մեջ աջակցություն էր հայտնվում Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, նաև նշված է, որ Ռուսաստանը չի կատարում 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:








































