Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Հարավային Կորեայում 2 ժամ և 15 րոպեանոց հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Սիրիայի հարցը: Էրդողանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է կտրուկ քայլեր ձեռնարկի Սիրիայում առկա իրավիճակի ուղղությամբ. «Սիրիական զարգացումների պատճառով այդ երկրից Թուրքիա է փախել 17,000 մարդ: Այդ ցուցանիշը կարող է հասնել 100,000-ի:
Ասադի ռեժիմը մոտենում է ավարտին: Ասադը փորձում է ժամանակ ձգել: Նա մտադիր է իր պոստում մնալ այնքան, որքան դա հնարավոր է: Նա իր պոստում է մնում Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի շնորհիվ: Նա խնդիրներ ունի՝ կապված բյուջեի հետ: Նրա ներկայիս հաղթանակները լավատեսություն են ներշնչել նրան, սակայն այն բանից հետո, ինչ ընդդիմությունն ուժ կհավաքի, նրա հեռացումը կլինի կտրուկ:
Ասադի ռեժիմի հետ Թուրքիայի շփումները հասցված են նվազագույնի, և մոտ ժամանակներս դրանք կարող են ամբողջովին դադարեցվել, ինչի կապակցությամբ համապատասխան աշխատանքներ են տարվում ԱԳՆ-ի հետ: Ես կարող եմ ասել, որ Սիրիայում չի մնացել այնպիսի քաղաքական ֆիգուր, որի հետ մենք կկարողանայինք կապեր պահպանել»:










































