«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է հանել թիվ 7 ընտրատարածքում մեծամասնականով դրած իր թեկնածությունը: Այս մասին նա հայտարարեց այսօր կայացած խորհրդակցության ժամանակ:
Հիշեցնելով, որ անցած ուրբաթ օրն ինքն ընդդիմությանը կոչ արեց մեկ ընտրատարածքում հանդես գալ մեկ միասնական թեկնածուով, Հովհաննիսյանը նկատեց. «Թեկուզ ուշացած, բայց ես արեցի այդ առաջարկը: Դրանից հետո մենք կապվեցինք ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի ներկայացուցիչներին: ՀԱԿ-ի պատվիրակի հետ հանդիպեցինք և առաջարկեցինք 41 ընտրատարածքներում միասին զորակցել ՀԱԿ 21, «Ժառանգության» 7 թեկնածուներին, իսկ մնացածներում` ՀՅԴ-ի կամ այլընտրանքային մյուս ուժերի ներկայացուցիչներին:
Մեր առաջարկը մերժվեց: Ես ցավում եմ դրա համար: Կարծում եմ` սա ընդդիմադիր պահվածքի, ամբիցիաների, ինքնասիրության հարց էր: Ես որոշեցի ինքնաբացարկ հայտարարել և իմ թեկնածությունը հանել թիվ 7 ընտրատարածքից: Այդուհանդերձ, ամենայն բարիք ու հաջողություններ եմ մաղթում իշխանական ու ընդդիմադիր բոլոր թեկնածուներին, ովքեր պետք է մասնակցեն առաջիկա ԱԺ ընտրություններին»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը:









































