Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ Բաղդադում, Սիրիայի նախագահ Բաշար Ասադից հրաժարական չի պահանջի: Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին արաբական ԶԼՄ-ներին հայտնել է ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին:
Բացի այդ, մարտի 24-ին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի միջամտի սիրիական հակամարտությանը: Նրա խոսքերով՝ ի տարբերություն Լիբիայի, Սիրիայում միանգամայն այլ իրադրություն է: Ռասմուսսենը նշել է, որ այն ժամանակ ՆԱՏՕ-ն ուներ ՄԱԿ ԱԽ-ի մանդատը և վայելում էր տարածաշրջանի երկրների աջակցությունը. այժմ այդ ամենը չկա:
Նշենք, որ մարտի 21-ին ՄԱԿ ԱԽ-ն լիովին աջակցել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի ձգտումները: Իր հերթին սիրիական ընդդիմությունը դժգոհություն է արտահայտել ՄԱԿ ԱԽ-ի հայտարարության հետ կապված. «Ողբերգության կիզակետում մարդիկ սպասում են վճռական գործողությունների»:
Հիշեցնենք, որ 2012 թվականի մարտի 8-ին Սիրիա էր ժամանել ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը զինադադարի հասնելու նպատակով: Սակայն մարտի 9-ին սիրիական ընդդիմության ներկայացուցիչ, սիրիական ազգային խորհրդի առաջնորդ Բուրհան Գալյուն մերժել էր այդ առաջարկությունը՝ հայտարարելով, որ անընդունելի է համարում բանակցություններ սկսելը «իր հայրենակիցներին սպանել շարունակող վարչակարգի հետ»:









































