Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Հարավային Օսիայում կրկնակի նախագահական ընտրություններում գրանցվել են ընտրակաշառքների դեպքեր:
Մարտի 25-ին Հարավային Ռուկ գյուղի թիվ 83 և 84 ընտրատեղամասերում ընտրողների երկու ավտոբուս է ժամանել Վլադիկավկազից: Դիտորդների տվյալներով՝ մարդիկ հրահանգ են ստացել քվեարկելու նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնակատար Դավիթ Սանակոևի օգտին: Թղթակիցը նկատել է, թե ինչպես են ընտրողները լուսանկարել քվեաթերթիկները` քվեարկված Սանակոևի օգտին, ինչից հետո պարգևատրվել են հազար ռուբլով:
Նման կերպ երկու ընտրատեղամասերում քվեարկել է մոտ 1400 մարդ: Թեկնածու Լեոնիդ Թիբիլովի ներկայացուցիչ Լիանա Թակմաևան, որը նույնպես եղել էր Հարավային Ռուկում, տեղի ունեցածը բնութագրել է որպես «ընտրողների գնում»:
Հաղորդվում է նաև քվեաթերթիկների` ընտրատեղամասից դուրսբերման մասին: Кавказский узел-ի հաղորդմամբ` Ցխինվալիի դատարանը այսօր 15 օրով ձերբակալել է Հարավային Օսիայի մի բնակչի, որը փորձել էր ընտրատեղամասից քվեաթերթիկներ դուրս բերել: Հետաքննությունը փորձում է պարզել, թե ինչ նպատակներով էին նրան անհրաժեշտ եղել քվեաթերթիկները:
Հարավային Օսիայում ընտրությունները համարվում են կայացած: ԿԸՀ վերջին տվյալներով` քվեարկել է ընտրողների 61%-ը:
Ընտրություններին մասնակցում է չորս թեկնածու` պետական անվտանգության հանձնաժողովի նախկին նախագահ Լեոնիդ Թաբիլովը, նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնակատար Դավիթ Սանակոևը, ՌԴ-ում Հարավային Օսիայի արտակարգ և լիազոր դեսպան Դմիտրի Մեդոևը և Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ստանիսլավ Կոչիևը:










































