Թեղուտի հանքավայրի շահագործումը բացասաբար կանդրադառնա շրջակայքում ապրող կենդանիների վրա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը`խոսելով Թեղուտի հանքավայրի շահագործման բացասական հետևանքների շուրջ: Ըստ բնապահպանի` հանքավայրի շահագործումը բացասաբար կանդրադառնա Թեղուտի շրջակայքում ապրող կենդանիների և թռչունների վրա: Նա նշեց, որ Թեղուտում կան բացառիկ կենդանատեսակներ և թռչնատեսակներ, որոնք ընդգրկված են Կարմիր գրքում:
«Թեղուտի հանքավայրի շահագործման համար ծառեր կհատվեն, որի արդյունքում կանհետանան սև անգղը և սպիտակագլուխ անգղը, որոնք բնության մեջ կատարում են սանիտարի դեր, հետևաբար, նրանց անհետացումը կարող է բերել բացասական հետևանքների»,- մեկնաբանեց Սիլվա Ադամյանը:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին Վանաձորում տեղին են ունեցել Թեղուտի նախագծի հանրային լսումները, որը կազմակերպվել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից: Լսումներին մասնակցել են նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների շուրջ 70 ներկայացուցիչներ:










































