Վանաձորում տեխնոլոգիական զարգացման պիլոտային ծրագիրը հաջողությամբ ավարտվել է: Այն նախաձեռնել էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և «Ինսթիգեյթ» ընկերությունը: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «Ինսթիգեյթ»-ն այնտեղ արդեն ստորաբաժանում է բացել:
Վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ նախաճաշի ժամանակ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն առաջարկել էին Գյումրու տեխնոպարկի գաղափարն իրականացնել նաև Վանաձորում: Կ. Վարդանյանի կարծիքով՝ Վանաձորում տեխնոպարկի բացման ընթացքը շատ ավելի հեշտ կլինի, քան՝ Գյումրիում, որովհետև այն ավելի ինժեներական քաղաք է:
«Արտադրական ավտոմատիկայով Վանաձորը Խորհրդային Միության կենտրոնն է եղել, ունեցել է գիտահետազոտական ինստիտուտներ, գործարան և այլն: Այսինքն՝ այդտեղի բնակչությունն ավելի տեխնոլոգիական և ավելի ինժեներական է: Այդ առումով առաջարկեցինք, որ կարելի է ջանքեր թափել Վանաձորում, և կարծում ենք, որ դա ավելի հաջողված կլինի: Հիմա պետք է կոնցեպցիա պատրաստենք և տրամադրենք կառավարությանը»,- ասաց Կ. Վարդանյանը:








































