ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կանգնել է երգիչ Էլթոն Ջոնի, արքայադուստր Դիանայի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հետ նույն շարքում: Սինգապուրցի սելեկցիոներները նրա և իր տիկնոջ պատվին անվանակոչել են «վանդա» տեսակի թագավորական խոլորձը (օրխիդեա):
Ինչպես հաղորդում է գլխավոր քարտուղարի մամլո խոսնակ Մարտին Նեսիրկեսը, ով պաշտոնական այցով Սինգապուրում էր, Պան Գի Մունը և նրա տիկին Իո Սուն Տաեկն այցելել են Սինգապուրի Խոլորձների ազգային այգի և հիացել են բույսի գեղեցիկ եթերային ծաղիկներով:
«Վանդա» ընտանիքն իր մեջ ներառում է 50 տեսակի խոլորձներ, որոնք վայրի բնության մեջ հանդիպում են Հնդկաստանի, Ֆիլիպինների, Հարավային Չինաստանի և Հյուսիսային Ավստրալիայի արևադարձային անտառներում:
Խալորձների աճեցումը լուրջ բիզնես է համարվում Սինգապուրում, որը բավարարում է համաշխարհային շուկայում ծաղկի պահանջարկի 15 %-ը: Նշենք, որ սպիտակ խոլորձները 1981 թ. զարդարել են արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի հարսանյաց սեղանը: Անցած տարի Սինգապուրը երկրորդ անգամ էր հյուրընկալում խոլորձների համաշխարհային համաժողովը։










































