Աբխազիայի Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլն անցնում է ընտրողների բարձր ակտիվությամբ և առանց խախտումների: Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Բատալ Տաբագուան: Նրա խոսքերով՝ 20 շրջանների բոլոր 91 տեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 08:00-ին: Յուրաքանչյուր տեղամասում կան ընտրողների ցուցակներ և թեկնածուների մասին տեղեկություններ: Ամենուր ներկա են դիտորդներ և թեկնածուների վստահված անձինք:
Հանձնաժողովի տեղեկատվության համաձայն՝ բոլոր 20 շրջաններում ժամը 14:00-ի տվյալներով՝ ընտրողների թիվն ավելի շատ է եղել, քան ընտրությունների առաջին փուլի ժամանակ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել մարտի 10-ին: 35 շրջաններում 148 թեկնածուներից ընտրվել էին 13 պատգամավորներ:
Օրենսդրության համաձայն՝ երկրորդ փուլում հաղթող կճանաչվեն այն թեկնածուները, ովքեր կհավաքեն ամենաշատ ձայները:










































