Անցած տարի դեկտեմբերին Երևանում կայացած հայ-թուրքական համաժողովի ընթացքում հայտարարվեց, որ Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների տրանսպորտի նախարարների համաժողովի ժամանակ Թուրքիան տվել էր իր տարածքով հայկական 200 բեռնատար մեքենաների տարանցման իրավունք, և ըստ Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանի՝ հայկական առաջին բեռնատար մեքենան շուտով պետք է Թուրքիայի տարածքով տարանցիկ անցներ դեպի Ռուսաստան:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մ. Առաքելյանը հայտնեց, որ անցած տարվա համար էին տրված իրավունքները, որոնք սպառվեցին դեկտեմբերին, սակայն այդ իրավունքից բեռնափոխադրողները չեն օգտվել: Նա նշեց, որ ներկայում խնդրով զբաղվում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը և Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիան:
Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի քարտուղար Հերբերտ Համբարձումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հարցը քաղաքական է: Ըստ նրա` անցած տարի մեծ դժվարությամբ 2 մեքենա է անցել. «Վիզաների խնդիր կա: Իրենց մոտ վարորդական և տուրիստական վիզաները տարբեր են: Թուրքիա մտնելու համար պետք է վարորդական վիզա ունենալ, որոնք տալիս է դեսպանատունը, իսկ մենք դեսպանատուն չունենք»:
Հ. Համբարձումյանը նշեց, որ կողմերի միջև բանակցություններ են ընթանում, սակայն թուրքական կողմի տրամադրվածությունը փոփոխական է՝ մեկ լավ է, մեկ՝ վատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից հաստատեցին, որ խնդիրը վարորդների մուտքի արտոնագրերի հետ է կապված, և այս պահին բանակցությունները շարունակվում են՝ տրանսպորտի և արտաքին գործերի նախարարությունների մակարդակով, իսկ թե մոտավոր ե՞րբ հարցին լուծում կտրվի՝ պարզ չէ:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ հարցը բարձրացրել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության առաջ: «Երկու ուղերթից հետո հանկարծ պարզվել է, որ իբրև թե խնդիրներ կան, և վարորդները պետք է ունենան հատուկ աշխատանքային վիզաներ: Մենք գտնում են, որ դա միջազգային օրենսդրության խախտում է և դիմել ենք, որ Թուրքիայի արտգործնախարարությունն այդ հարցին որոշում տա մոտ ժամանակներս»,- ասաց Ա. Ղազարյանը:
Թե որքանո՞վ է հնարավոր, որ խնդրին դրական լուծում տրվի, Ա. Ղազարյանը նշեց, որ այդ ուղղությամբ լոբբինգ են անում: Նրա խոսքով, Ստամբուլում ՀԱԳՄ մշտական ներկայացուցիչն անցած շաբաթ Երևանում էր և փաստաթղթերով զինված մեկնել է Թուրքիա:
Նշենք, որ Ռուսաստան տանող միակ ճանապարհը Վերին Լարսի անցակետն է, որը ձմեռները հաճախ փակվում է, Իրանով բեռնափոխադրումների դեպքում կան սահմանափակումներ, մասնավորապես ալկոհոլային խմիչքներ չի թույլատրվում փոխադրել: Ընդ որում՝ Թուրքիայի նավահանգիստները եռապատիկ, քառապատիկ էժան են, քան վրացական Փոթիի նավահանգիստը:










































