Յուտայի իշխանությունները մտադիր են իրենց վերադարձել այն հողատարածքները, որոնք ավելի քան մեկ դար առաջ փոխանցվել են դաշնային կառավարությանը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Հողատարածքները, որոնց վերաբերում է խոսքը, դաշնային կառավարությանն են հանձնվել 1896թ.՝ Յուտային ԱՄՆ նահանգի կարգավիճակ տալու դիմաց:
Ներկայում Յուտայի տարածքի 65 տոկոսը տնօրինում է Հողատարածքների վարչության բյուրոն (Bureau of Land Management), որը գործում է ԱՄՆ ներքին գործերի նախարարության կազմում:
Մարտի 23-ին Յուտայի նահանգապետ Գերի Հերբերտը օրենք է ստորագրել, որը դաշնային կառավարությունից պահանջում է նահանգային իշխանություններին վերադարձնել 12 մլն հեկտար հողատարածքը: Նա խոստացել է դաշնային կառավարությանը դատի տալ, եթե հողերը հանձնելու գործընթացը չկատարվի մինչև 2015թ.: Միևնույն ժամանակ, Յուտայի ղեկավարությունը ծրագրում է դաշնային կառավարության տրամադրության տակ թողնել այդ տարածքներում գտնվող 5 ազգային պարկերը, ռազմաբազաները, բնական արգելոցները:










































