Ֆրանսիայի դատական փորձագետները հրապարակել են Մուհամմադ Մերայի՝ Թուլուզում 7 երեխա սպանած հանցագործի, դիահերձման արդյունքները: Այս մասին ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդել են հինգշաբթի:
Ըստ փորձագիտական եզրակացության՝ Մերան մահացել է երկու հրազենային վնասվածքներից: Բացի այդ, նրա մարմնում հայտնաբերվել է մոտ 20 փամփուշտ, որոնց մեծ մասը հայտնաբերվել են նրա վերջույթներում: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Մուհամմադ Մերան ալժիրական արմատներով ֆրանսիացի է, ով իրեն համարում էր մահմեդական մոջահեդ և ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման անդամ:
Մերան ձերբակալվել է 2007 թվականին` ահաբեկչության կազմակերպման կասկածանքով: Շուտով նրան դատապարտել են երեք տարվա ազատազրկման, սակայն արդեն 2008 թվականին նա միացել է «Թալիբան» խմբավորման անդամներին, որոնք փախուստ էին կազմակերպել:
Բացի դրանից, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մերան գնացել էր Աֆղանստանի և Պակիստանի սահման, որից հետո ֆրանսիական իշխանությունները նրան սկսել են հետևել:
Մերան կասկածվում է Թուլուզում 7 մարդու սպանության մեջ. մարտի 11-ին Թուլուզում սպանվել է դեսանտային զինվոր, մարտի 15-ին ևս երկու զինվորական է սպանվել Մոնտոբանում, մեկն էլ վիրավորվել է: Եվ վերջապես՝ մարտի 19-ին, զինված տղամարդը մոտեցել է Թուլուզի հրեական քոլեջին և գնդակահարել երեք երեխաների և ուսուցչին:
Մարտի 21-ի գիշերը Ֆրանսիայի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը սկսել է 24-ամյա ծայրահեղականին բռնելու գործողությունը, ով կասկածվում է դպրոցականների և զինվորականների սպանության մեջ: Հատուկ գործողության ընթացքում 2 ոստիկան է վիրավորվել:
Մարտի 22-ին թուլուզյան հրաձիգ Մուհամմադ Մերան սպանվել է՝ ոստիկանության գրոհի ժամանակ, դաժան փոխհրաձգության ընթացքում:









































