ԿԸՀ այսօր կայացած արտահերթ նիստում որոշում կայացվեց քաղաքացի Ռուբեն Թորոսյանի 21.03.2012 թվականի թիվ Ը-44 դիմումով վարչական վարույթը կարճել:
Նշենք, որ ըստ դիմումատուի ներկայացրած պահանջի՝ ՀՀԿ ղեկավարը 16.03.2012 թվականին ՀՀԿ անդամատոմսեր է բաժանել: Այդ միջոցառման մասին տեղեկատվությունը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում՝ խախտելով «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջները:
Թորոսյանի պնդմամբ՝ խախտվել է ոչ միայն ՀՀ քաղաքացու հավասար ընտրական իրավունքը, այլև անցանկալի ներգործություն է եղել հայաստանցու կամքի ազատ արտահայտման վրա:
Դիմումատուն պահանջում է ճանաչել ՀՀ նախագահի աշխատակազմի ընտրախախտման հետևանքով ՀՀ քաղաքացու իրավունքների խախտման փաստը և միջոցներ ձեռնարկել նմանատիպ խախտումների կանխման ուղղությամբ:
Ըստ ԿԸՀ եզրահանգման՝ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե գոյություն ունի միևնույն անձի միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ:
Քաղաքացի Ռուբեն Թորոսյանի կողմից միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ներկայացված է եղել դիմում, որի քննությամբ ԿԸՀ-ն 2012 թվականի մարտի 21-ին կայացրել է թիվ 67-Ա որոշումը, որն էլ տեղադրվել է ԿԸՀ համացանցային կայքում:











































