Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մերձավոր երկրների պատմության ամբիոնը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին գիրք է լույս ընծայել: vestikavkaza.ru կայքի հաղորդմամբ, «Մայենդորֆից մինչեւ Աստանա. Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության սկզբունքային ասպեկտները» անվանումով աշխատությունում ներկայացված են հակամարտության կարգավորման սկզբունքային խնդիրներն ու հակամարտության լուծման օպտիմալ լուծումների որոնումը: Գրքում տեղ գտած ուսումնասիրություններում մասնագետները շեշտում են, որ ղարաբաղյան հակամարտությունը, լինելով հետխորհրդային ամենաբարդ և բազմապլանային հակամարտությունը, դարձել է այն կատալիզատորներից, որոնք նպաստել են Խորհրդային Միության արագ քայքայմանը: Փորձագետները ձգտել են ներկայացնել հակամարտության պատմական առանձնահատկությունները, հետագա զարգացումների հնարավոր սցենարները: Ամբիոնի հետագա աշխատություններում ներկայացվելու են տարածաշրջանի այլ հակամարտությունների մասին տարածաշրջանային պետությունների, ինչպես նաև եվրոպական և ամերիկյան փորձագետների տեսակետները: