Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը ժամանեց Մեքսիկա: Սիլաո քաղաքի օդանավակայանում նրան դիմավորել է Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը և նրա կինը` Մարգարիտա Զավալան: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Կիրակի օրը նա պատարագ կմատուցի, որին կմասնակցի 3000 մարդ: Այցը կտևի մինչև մարտի 26-ը, որից հետո Բենեդիկտոս 16-րդը կմեկնի Կուբա: Կուբա ժամանելուց առաջ նա այդ երկրի իշխանություններին կոչ է արել հրաժարվել մարքսիստական գաղափարախոսությունից` նշելով, որ իրականության մեջ այն այլևս գոյություն չունի:
«Առաջին լրատվական»-ը նաև տեղեկացրել էր, որ Մեքսիկա ժամանելուց առաջ Հռոմի պապն անդրադարձել է այդ երկրի ամենամեծ խնդրին` թմրաբիզնեսի ծավալմանը` նշելով. «Մենք պետք է ամեն հավանական բան անենք, որ հաղթահարենք այդ կործանիչ «չարիքը», որը գործում է մարդկության և մասնավորապես երիտասարդության դեմ»` հավելելով, որ եկեղեցու պարտավորությունն է բանականության, բարոյական պատասխանատվության կոչ անել և դիմակազերծել չարը, որը ստրկացնում է մարդուն, դիմակազերծել թմրանյութերի հետ կապված սուտ խոստումներն ու կեղծիքները:








































