Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունին մեղադրում են, որ նա արյունալի հաշվեհարդար է տեսել բարձրագույն զինվորական ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է «Չոսոն Իլբո» թերթը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ղեկավար շրջանակների աղբյուրը:
Ըստ այդ տեղեկության՝ 2011թ. դեկտեմբերին հոր՝ Կիմ Չեն Իրի մահից անմիջապես հետո որդին ազատվել է տասնյակ բարձրաստիճան զինվորականներից, որոնց հավատարմությանը փոքր-ինչ կասկածել է, ընդ որում՝ նրանց զգալի մասը գնդակահարվել է: Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ ձերբակալությունները տեղի են ունեցել քանի դեռ Հյուսիսային Կորեայում սուգ էր հայտարարված:
Հաղորդվում է, որ ամենափոքր զանցանքի դեպքում մարդիկ մահվան են դատապարտվել: Մասնավորապես գնդակահարվել է երկրի պաշտպանության նախարարի օգնականը՝ սգի օրերին հարբած տեսքով երևալու համար:
Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ Կիմ Չեն Իրը 1994թ. իշխանության գալով նույնպիսի զտում է անցկացրել այլախոհների շրջանում: Սակայն նշվում է, որ որդին դաժանությամբ գերազանցել է հորը:






































