Շվեյցարական խոշորագույն UBS ընկերությունը աշխատանքի է վերցրել բանկային սեկտորում գործարքների կնքման ամենահայտնի կազմակերպիչներից մեկին` Անդրեա Օրսելին Bank of America-ից: Այս մասին հայտնում է The Financial Times պարբերականը:
Օրսելը նախկինում BofA-ում գլխավորել է համաշխարհային գլոբալ բանկինգի և համաշխարհային շուկաների մասնաճյուղը: Նա եղել է Merrill Lynch-ի գործարքների կնքման առաջատար մասնագետը մինչ այն պահը, երբ ներդրումային ընկերությունը 2008 թ. կլանվեց Bank of America-ի կողմից:
BofA-ում և Merrill Lynch-ում նա եղել է ԱՄՆ-ի ամենաբարձր վարձատրվող բանկիրներից մեկը, որի աշխատավարձը բոնուսների հետ 2008 թ. կազմել է 30 մլն դոլար: UBS-ը նրան BofA-ի հետ ընթացիկ պայմանագիրը խզելու համար կվճարի շուրջ 17 մլն դոլար տարեկան:
UBS-ի համար նրան աշխատանքի վերցնելն ունի բացառիկ կարևոր նշանակություն և կոչված է վերջ դնելու վերջին շրջանում բանկի զարգացման բացասական միտումներին:










































