Մինչ Հայաստանի իշխանությունը զբաղված է իր օլիգարխներին խորհրդարան վերստին խցկելու հոգածությամբ, նրանց թեկնածությունները մեկ առ մեկ առաջադրելով խորհրդարանի ընտրության համամասնական ցուցակներում և մեծամասնական ընտրակարգերում, Եվրախորհրդարանը Հայաստանի վերաբերյալ փաստաթուղթ է ընդունել, որտեղ ի թիվս այլ դրույթների նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում Ֆրանսիան Եվրամիությամբ փոխարինելու անհրաժեշտության մասին: Սա Հայաստանի համար իսկապես կարևոր մի մարտահրավեր է ոչ միայն Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, այլև ընդհանրապես աշխարհաքաղաքական տրամաբանության մասով:
Բանն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ էության ոչ միայն հանդիսանում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդական ձևաչափ, այլ նաև, ըստ էության, հանդես է գալիս որպես հարավկովկասյան տարածաշրջանում և հարակից շրջաններում աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ գերտերությունների կամ հզոր տերությունների մի փակ ակումբ, որտեղ կայացվում են կարևոր որոշումներ այս կամ այն զարգացումների, ընդհուպ անգամ ռեգիոնում պետությունների ներքին զարգացումների վերաբերյալ: Այլ կերպ ասած, Մինսկի խումբը վերածվել է լոկալ նշանակության յուրօրինակ G 3-ի, որտեղ քննարկվում են կարևորագույն ռազմաքաղաքական և տնտեսական հարցեր: Այստեղ ահա Ֆրանսիան հանդիսանում է մի երկիր, որը ակնհայտորեն դրական վերաբերմունք և տրամադրվածություն ունի Հայաստանի հանդեպ: Այդ երկրի փոխարինումը նշանակալիորեն կարող է թուլացնել Հայաստանի դիրքերն այդ G 3-ում, դրանից բխող էական մարտահրավերներով: Ավելին, նկատի ունենալով ադրբեջանական լոբբինգը, որ առկա է եվրոպական կառույցներում և արդեն իսկ հանդիսացել է բավականին տհաճ և անցանկալի հակահայ տարբեր բանաձևերի պատճառ, կարող ենք եզրակացնել, որ Ֆրանսիայի փոխարինումը Եվրամիությամբ, Հայաստանի համար պարզապես նշանակում է դիվանագիտական և քաղաքական տապալում, ընդ որում բավական վտանգավոր հեռանկարով:
Ի դեպ, ամենևին պատահական չէ, որ Ֆրանսիայում հայկական օրինագծի վերաբերյալ հայտնի զարգացումների ֆոնին, Ֆրանսիան Մինսկի խմբից դուրս բերելու պահանջը Թուրքիայի առաջին հակադարձումներից մեկն էր, որն այսօր փաստորեն արձագանք՝ դրական արձագանք է գտնում Եվրախորհրդարանում: Եվ այս ֆոնին ահա առավել, քան ակնառու է այն հանցավոր դատարկությունն ու իշխանապաշտությունը, որ տիրում է Հայաստանի քրեաօլիգարխիկ իշխանական համակարգում: Այն պահին, երբ հասունանում են Հայաստանի համար լրջագույն միջազգային մարտահրավերներ, և դրանք պահանջում են պետական կառավարման անհապաղ արդիականացում՝ մարտահրավերներին համարժեք և արդյունավետ արձագանքելու, դրանք կանխելու համար, Հայաստանի իշխանությունը զբաղված է իր օլիգարխիկ կերպի և բնույթի վերարտադրության գործով և ամբողջ թափով սուրում է ընտրատարածքներ: Հայաստանի քրեաօլիգարխիկ իշխող համակարգի համար աշխարհի կենտրոնը առաջիկայում ընտրատարածքներն են, և այդ համակարգը առաջիկայում ունակ է արձագանքել բացառապես այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում հենց այդ տարածքների հետ կապված, իսկ աշխարհում տեղի ունեցողը, ինչպես ասում են՝ կսպասի, մինչև հայկական օլիգարխիան և քրեական աշխարհը քառատրոփ «բարեհաջողե կնվաճեն այդ ընտրատարածքները:









































