Ամերիկյան սենատորներն ու պետքարտուղարությունը հնարավոր են համարում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը, սակայն այդ հարցն անպայման պետք է փոխկապակցվի երկրում մարդու իրավունքների վիճակի բարելավման և ընդդիմության վրա իրականացվող ճնշումների դադարեցման հետ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Բաց դռների մեր քաղաքականության շրջանակներում Բալթյան երկրները դարձան ՆԱՏՕ-ի ամենաերիտասարդ, ամենաակտիվ և ազդեցիկ անդամները, որոնք առաջ անցան հետխորհրդային մյուս պետություններից ժողովրդավարության կայացման և եվրաատլանտյան ինտեգրացիայի հարցում:
Չիկագոյում կայանալիք դաշինքի գագաթնաժողովի ժամանակ Վրաստանը վաստակել է որոշակի առաջընթաց տեսնելու իրավունք (ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում-խմբ.): Սակայն մենք պարտավոր ենք հատուկ շեշտել ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով Վրաստանի առաջ շարժվելու անհրաժեշտությունը:
Հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կդառնան երկրի ժողովրդավարական ապագայի փորձարկումը»,- ասել է սենատոր Ջին Շահինը` ելույթ ունենալով Վրաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածության քննարկումների ժամանակ:










































