Շաքարիկ անունով կատուն ամերիկյան Բոստոն քաղաքի բարձրահարկ շենքի 19-րդ հարկից ընկնելուց հետո կենդանի է մնացել: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը, կենդանին գրեթե չի տուժել, միայն թեթև վնասվածքներ է ստացել։
Շաքարիկի տիրուհին` Բրիթանի Քիրքը պատմել է, որ մի քիչ բացել էր տան պատուհանը, որ սենյակն օդափոխվի։ Կատուն աննկատ անցել է պատուհանի մյուս կողմը և ընկել է ներքև:
«Միայն մտածեք, նա նույնիսկ մի կոտրվածք չունի: Նա կարող էր ծանր վնասվածքներ ստանալ կամ էլ ուղղակի ջարդուխուրդ լինել: Ինձ թվում է՝ կատվին փրկել է այն, որ նա ձգել է թաթերն օդում, ինչը դանդաղեցրել է անկման արագությունը»,- նշել է կատվին հետազոտած անասնաբույժը:
«Սա իսկական հրաշք է: Ինձ թվում է՝ Շաքարիկն օգտագործել է իր բոլոր ութ կյանքերը»,- ասել է Քիրքը: Նրա խոսքերով` այս իրադարձությունից հետո ինքը բնակարանների պատուհանների տակ ցանցեր է տեղադրել։











































