Չնայած Մոսկվան դեռ խորհրդային ժամանակներից Սիրիայի Տարտուս և Լաթաքիա նավահանգիստներում տեղակայված նավատորմը կորցնելու վախից դեռ շարունակում է աջակցություն ցուցաբերել Սիրիայի վարչակարգին, սակայն հնարավոր է, Ռուսաստանի իշխանություններն արդեն պատրաստվում են այդ վարչակարգի հնարավոր տապալմանը: Նման կարծիք է արտահայտել Eurasia Group-ի նախագահ Իեն Բրեմերը The Financial Times թերթում հրապարակված հոդվածում:
Երբ Ասադի վարչակարգը տապալվի, Ռուսաստանը կարող է իր հայացքն ուղղել, օրինակ, դեպի Հունաստան, որին սուր ֆինանսական ճգնաժամի պատճառով երկարատև եկամուտների աղբյուր է անհրաժեշտ, կարծում է փորձագետը: Հունաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նրան չի անհանգստացնում: Առայժմ ԵՄ-ն իրոք Հունաստանի վրա ազդեցության բազմաթիվ լծակներ ունի, և ինքը՝ Աթենքը, շահագրգռված է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում, սակայն ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել:
Բրեմերի տվյալներով՝ մինչ արևմտյան ներդրողները այժմ փորձում են լքել Հունաստանը ճգնաժամի պատճառով, ռուսական և չինական պետական ընկերությունները փորձում են էժան գներով այնտեղ որոշ ակտիվներ ձեռք բերել: Այսպես, չինական Cosco ընկերությունն արդեն կոնցեսիա է ստացել 35 տարով Հունաստանի Պիրեյ նավահանգիստը ղեկավարելու համար: Իսկ «Գազպրոմը» հետաքրքրվում է Depa գազային ընկերությունը և Desfa գազավերաբաշխման ընկերությունը գնելու ուղղությամբ:
Փորձագետը չի բացառում, որ Ասադի վարչակարգի տապալումից հետո Ռուսաստանը Հունաստանի հետ 30-50 տարվա պայմանագիր կկնքի ՝ իր նավերը Պիրեյ նավահանգստում տեղակայելու համար: Աթենքն իր հերթին այդ պայմանագրով կարող է ստանալ մինչև 200 մլրդ դոլար:
Հոդվածագիրը կարծում է, որ այս փուլում Հունաստանի ներկա կառավարությունը հազիվ թե նման գործարքի դիմի, քանի որ Աթենքն ամբողջությամբ կախված է ԵՄ-ից և ԱՄՀ-ից: Սակայն հնարավոր է, որ նախարարների նոր կաբինետը դիմի այդ քայլին՝ նման գրավիչ չափի գումար ստանալու դիմաց:








































