Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) կայքի փոխանցմամբ` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 30 անդամներ պահանջել են ավելացնել Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին ու Ջավախքին հատկացվող ֆինանսական օգնության չափը:
Դրանով իսկ նրանք միացել են հայամետ կոնգրեսական Ֆրենկ Պալոնեին, որը պահանջում է 2013 թ. ֆինանսական տարում ավելացնել Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և Ջավախքին ֆինանսական հատկացումները և ֆինանսավորել Մերձավոր Արևելքից տարագրված հայերին:
Իրենց նամակում ամերիկացի օրենսդիրները, որոնց թվում կան և՛ հանրապետականներ, և՛ դեմոկրատներ, ընդգծել են հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերություններին տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման միջոցով աջակցելու կարևորությունը:
Նամակի հեղինակները պահանջում են Լեռնային Ղարաբաղին հատկացնել նվազագույնը 5 միլիոն դոլար, իսկ Վրաստանին հատկացվող ֆինանսական օգնության 10 տոկոսն ուղղել Ջավախքում նոր աշխատատեղերի բացմանը: Բացի այդ, նրանք առաջարկում են նվազագույնը 50 միլիոն դոլարի տնտեսական օգնություն ցուցաբերել Հայաստանին:
Այս ամենի հետ մեկտեղ նամակում նշված է ոչ վաղ անցյալում Մերձավոր Արևելքում տեղի ունեցած զարգացումներից տուժած (տարագրված) հայերին և այլ քրիստոնյաներին միջոցներ հատկացնելու կարևորությունը: Նամակում նաև խոսք է գնում Ադրբեջանին հատկացվող օգնության սահմանափակման ու ԼՂՀ-ի ներկայացուցիչների հետ շփման ճանապարհին ընկած արգելքների վերացման մասին: Կոնգրեսականները կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով տարվող բանակցություններում ներառել նաև ԼՂՀ-ի ղեկավարությունը:











































