Լոնդոնի գործող քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, որը հավակնում է վերընտրվել այդ պաշտոնում երկրորդ ժամկետով, քննադատության է ենթարկվել իր քաղաքական հակառակորդների և ինտերնետ-օգտատերերի կողմից՝ Twitter-ի ծառայողական էջը իր նախընտրական քարոզարշավի համար օգտագործելու համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Լոնդոնի քաղաքապետի @MayorOfLondon միկրոբլոգը, որը նախկինում հղում էր կատարում քաղաքապետարանի պաշտոնական՝ www.london.gov.uk կայքին, նախընտրական քարոզարշավի սկզբից միացվել է «Աջակցեք Բորիսին 2012» (Back Boris 2012) կայքին:
Քաղաքապետի միկրոբլոգին հետևում է 253 հազար մարդ, որոնք այժմ փաստացիորեն գրանցված են նաև Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությունը ներկայացնող Ջոնսոնի նախընտրական քարոզարշավի կայքում:
Լեյբորիստական կուսակցությունը, որը քաղաքապետի պաշտոնում առաջադրել է հայտնի քաղաքական գործիչ Քեն Լիվինգսթոնին, պաշտոնական բողոք է ներկայացրել գործող քաղաքապետի դեմ:
Լիբերալ-դեմոկրատների թեկնածու Բրայան Փեդդիքը քաղաքապետի այս քայլին արձագանքել է Тwitter-ի իր միկրոբլոգում. «Մի՞թե Բորիսն այնքան է հուսալքվել անհրաժեշտ աջակցություն ստանալուց, որ կարիք է ունեցել գողանալու @MayorOfLondon-ը: Էժանագին հնարք է: Բորիս, վերադարձրու այն»,- ասվում է նրա գրառման մեջ:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը բացատրել է, որ Բորիսն անընդունելի է համարել քարոզարշավի ընթացքում Тwitter-ը վարել Լոնդոնի քաղաքապետի անունից և այժմ դա անում է սեփական անունից, իսկ նորընտիր քաղաքապետը կարող է դարձյալ գրել քաղաքի ղեկավարի անունից:
Ջոնսոնի նախընտրական քարոզարշավի ներկայացուցիչը հավատացրել է, որ միկրոբլոգի գոյության ամբողջ ընթացքում քաղաքապետը փաստացիորեն անձամբ է գրառումներ կատարել դրանում, ուստի նա իրավունք ունի դա անել նաև հիմա:
Բրիտանական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարը խոստովանել է, որ առայժմ հատուկ կանոն գոյություն չունի, որով կկարգավորվի այս հարցը, սակայն նա հավաստիացրել է, որ միկրոբլոգը պահելու բոլոր ծախսերը նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է փակվեն ոչ թե քաղաքապետարանի բյուժեից, այլ թեկնածուի կողմից:
Լոնդոնի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան մայիսի 3-ին:









































