Հայաստանի քաղաքական դաշտում պարադոքսների պակաս չկա, և դրանցից մեկն էլ այն է, թե ինչու է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը խիստ քննադատության ենթարկում երկրում ստեղծված իրավիճակը, տնտեսական քաղաքականությունը, բայց շարունակում է մնալ այդ ամենի գլխավոր պատասխանատու ՀՀԿ հետ կոալիցիոն հարաբերության մեջ:
Ինչո՞ւ Բարգավաճ Հայաստանը դուրս չի գալիս կոալիցիայից և չի փորձում տարբերակվել Հանրապետական կուսակցությունից, եթե այդպես խիստ քննադատության է ենթարկում իրականությունը: Չէ՞ որ կոալիցիայից դուրս գալով, ԲՀԿ-ն երկիրը ո՛չ ցնցումների է տանելու, ո՛չ էլ հեղափոխություն է անելու, այլ ընդամենը նրա ընդդիմադիր կեցվածքը ավելի համոզիչ է լինելու հանրության համար: Քանի դեռ Բարգավաճ Հայաստանն իշխող կոալիցիայի մեջ է, ԲՀԿ ընդդիմադիր կեցվածքը, բնականաբար, չի կարող որևէ լուրջ ընկալում ունենալ: Թվում է, թե սա նաև պարզ պետք է լինի հենց ԲՀԿ համար, և կոալիցիայից դուրս գալը պետք է լիներ ամենաարդյունավետ նախընտրական քայլերից մեկը, որ կարող է անել կուսակցությունն, ասենք, փող բաժանելուց բացի: Ավելին` թերևս շատ ավելի լավ կլիներ այդ քայլը, քանի որ այն մեծ տպավորություն կթողներ հասարակության վրա և ԲՀԿ-ին այդպիսով կօգներ մի փոքր քիչ փող բաժանել և խնայել միջոցները, հասարակական էֆեկտի զգալի մասին հասնելով կոալիցիայից դուրս գալու քայլով: Սակայն ԲՀԿ-ն չի դիմում այդ քայլին, մնում է կոալիցիայի մեջ:
Ինչո՞ւ: ՀՀԿ-ն չի՞ թողնում: Եթե ՀՀԿ-ն չի թողնում, ապա պարզ հարց է առաջանում, թե այդ դեպքում նույն ՀՀԿ-ն ոնց կարող է թողնել, որ ԲՀԿ-ն լուրջ ընդդիմություն լինի և իրապես սպառնա ՀՀԿ իշխանական դիրքերին: Այսինքն` եթե ՀՀԿ-ն թույլ չի տալիս դուրս գալ կոալիցիայից, ուրեմն ՀՀԿ-ն ամբողջությամբ կառավարում է Բարգավաճ Հայաստանի քաղաքական գործողությունները, և այդպիսով արձանագրվում է, որ Բարգավաճ Հայաստանը ընդամենը կառավարելի ընդդիմություն է՝ ոչ ավելի: Սակայն կարո՞ղ է արդյոք լինել կոալիցիայից դուրս չգալու այլ պատճառ Բարգավաճի համար: Իհարկե, կարող է:
Բանն այն է, որ ԲՀԿ-ն որքան էլ շահերի բախում ունենա ՀՀԿ հետ, միևնույն է` այդ կուսակցությունը դասական իշխանական կուսակցություն է, որին անդամակցում են, կամ որի հետևից գնում են միմիայն նյութական շահի համար: Եվ որպես դասական իշխանական կուսակցություն, ԲՀԿ-ն՝ ինչպես իշխանական ցանկացած կուսակցություն, այդ նյութական շահը բավարարում է ոչ միայն մասնավոր կապիտալի, այսինքն` Գագիկ Ծառուկյանի փողի միջոցով, այլ նաև պետական փողի, պետական ռեսուրսների, որոնք արտահայտվում են հարյուրավոր և հազարավոր պետական և ՏԻՄ պաշտոններով, որ զբաղեցնում են կուսակցության անդամները: Եթե Բարգավաճ Հայաստանը դուրս է գալիս կոալիցիայից և վայր է դնում իշխանական քվոտաները, ապա պարզ է, որ ԲՀԿ քվոտաները անցնում են ՀՀԿ-ին ու ՕԵԿ-ին: Իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից, բնականաբար, կարող է սկսվել այդ պաշտոնյաների կամ պաշտոնի ակնկալիք ունեցողների զգալի արտահոսք, քանի որ այդ մարդիկ դրա համար են միանում իշխանական կուսակցություններին: Այսինքն` դա նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը կարող է բնականորեն, ինքնըստինքյան դատարկվել: Ընդ որում` անգամ եթե կոալիցիայից դուրս գալը համաձայնեցվի ՀՀԿ հետ, միևնույն է` անգամ այդ դեպքում ԲՀԿ-ից արտահոսքը կանգնեցնել հնարավոր չի լինի, քանի որ շատ դժվար կլինի վերևներում կայացված՝ մի քանի անձի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունը սահուն և «կուսական» կերպով հասցնել հարյուրավոր և հազարավոր մանր չինովնիկ-կուսակցականներին: Նրանք, միևնույն է, «լքելու են նավը», քանի որ խնդիրն այստեղ դառնում է արդեն զուտ հոգեբանական: Այդ դեպքում Ծառուկյանին կուսակցությունը պահելու համար կմնա ընդամենը ավելացնել սեփական փողի ծախսը, որպեսզի այդ չինովնիկական ակնկալիքներ ունեցող խավին բավարարի արդեն փողով, այսինքն` սեփական փողով փոխհատուցի պետական պաշտոնների բացակայությունը, փորձելով պահել այդ ամենի ակնկալիք ունեցող անձանց մի մասին գոնե, քանի որ ինչ-որ մասի համար, իհարկե, պաշտոնն ու փողը համարժեք հասկացություններ չեն, քանի որ նրանց համար գլխավոր խնդիրը իշխանության մեջ լինելն ու այսպես ասած` իշխանական արտոնյալ պաշտպանական համակարգի մաս կազմելն է:
Այդպիսով, կոալիցիայից դուրս գալը Բարգավաճ Հայաստանի համար պարզապես լրացուցիչ ծախս է լինելու, զգալի ծախս: Ընդ որում, այդ դեպքում Ծառուկյանի համար որոշակի չէ այդ ծախսի «քաղաքական եկամտաբերության աստիճանը», և նույնիսկ կա ռիսկ, որ նախկինում կատարված ծախսերը կարող են ջուրն ընկնել: Այդ պայմաններում, կոալիցիայից դուրս գալու ինքնուրույն որոշումը ԲՀԿ համար դառնում է չափազանց ռիսկային, քանի դեռ չեն ստացվի հետկոալիցիոն գոյության որոշակի երաշխիքներ: Ընդ որում` պարզ է, որ ՀՀԿ կամ Սերժ Սարգսյանի «ազնիվ խոսքը» Բարգավաճի համար երաշխիք լինել չի կարող: Երաշխիքների հիմքերը կձևավորվեն միայն ընտրական գործընթացի և բուն քվեարկության արդյունքում: Իսկ այդ երաշխիքների շուրջ քննարկումները կլինեն միայն խորհրդարանի ընտրությունից հետո, երբ իշխող խմբերը բանակցային ընդհանուր սեղանին կդնեն իրենց բերած կամ հավաքած ձայները և կսկսեն, ըստ այդմ, միմյանց մեջ վերստին կիսել իշխանությունն ու բիզնեսը:
Առաջիկա ընտրությանը ԲՀԿ-ն, թերևս, մտադիր է հնարավորինս շատ քաղաքական պաշար կուտակել, կոալիցիայից հնարավորինս քիչ կորուստներով և հնարավորինս նվազ ֆինանսական բեռով դուրս գալու համար, քանի որ կուսակցության համար, թերևս, պարզ է դառնում, որ Հայաստանը մտնում է քաղաքական զարգացումների մի շրջան, երբ քաղաքական դաշտում միայն բարեգործությամբ անհնար է մնալ ջրի երեսին:











































