Ահաբեկչության մեջ կասկածվող Մոհամմեդ Մերան, ում Թուլուզում շրջապատել են ոստիկանները, պարծեցել է, որ «Ֆրանսիային ծնկի է բերել»: 23-ամյա տղամարդու խոսքերը փոխանցել է բանակցությունների մասնակից, դատախազ Ֆրանսուա Մոլենը: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Մերան խոստացել է հանձնվել մարտի 21-ի երեկոյան:
Մոլենի խոսքերով՝ Մերան խոստովանել է, որ վերջին օրերին տեղի ունեցած հարձակումներն ինքն է կատարել, որոնց ընթացքում մահացել է երեք զինվոր, հրեական դպրոցի երեք աշակերտ և ռաբբին: Նա հայտարարել է, որ մենակ է գործել: Բացի այդ, ահաբեկիչը տվել է երկու ոստիկանի և զինվորի անուններ, որոնց ևս պատրաստվում էր սպանել մինչ իրեն շրջապատելը:
Մերան նաև հայտարարել է, որ ինքը պատրաստություն է անցել Վազիրիստանի «Ալ-Կաիդա»–ի ճամբարներում: Մոլենի խոսքերով՝ ալժիրցին աֆղանստանում եղել է երկու անգամ: Վերջին անգամ նա այնտեղ եղել է 2011 թվականի օգոստոսին և այնտեղ մնացել է երկու ամիս:
Ինչպես պատմել է դատախազը, Մերան Աֆղանստանում ձերբակալվել է տեղի ոստիկանության կողմից, այնուհետև նրան հանձնել են ամերիկացի զինվորականներին, որոնք էլ իրենց հերթին նրան հետ են ուղարկել Ֆրանսիա:
Մոլենը հաղորդել է, որ ոստիկանությունը երեք անգամ փորձել է գրոհել շենքի վրա, որտեղ թաքնվել է Մերան, սակայն նա ամեն անգամ կրակել է: Հանցագործին հաջողվել է վիրավորել երկու ոստիկանի:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Մերան հայտարարել է, որ սպանությունը վրեժ էր պաղեստինցի այն երեխաների համար, ովքեր սպանվել են իսրայելցիների կողմից, և ֆրանսիական զորքերն Աֆղանստան ուղարկելու համար: Ահաբեկիչը հայտնաբերվել և շրջապատվել է մարտի 21-ին:










































