Թե ովքե՞ր են ՀՀԿ մրցակիցները՝ ճիշտ կլինի պատասխանը տա ժողովուրդը: Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա բնորոշմամբ՝ ՀՀԿ-ում ընթանում են դեմոկրատական գործընթացներ. գործադիր մարմնում բավականին երկար ու մանրակրկիտ քննարկվել են նախընտրական ցուցակները կազմելու սկզբունքները, և տեղերի բաշխման հարցում որոշվել է, որ առաջին շարքում գործադիր մարմինն է, և աշխատանքի բաժանման սկզբունքով է սահմանվել հերթականությունը: Հետագայում տեղ են գտել այն կուսակցությունները, որոնք սատարում են ՀՀԿ-ին և ուզում են նրա հետ մասնակցել ընտրություններին, հետո գործադիր մարմինը և մարզպետները, ապա պատգամավորները և մեծամասնական ընտրություններով ՀՀԿ աջակցությանն արժանացածները:
ՀՀԿ ցուցակում Գագիկ Բեգլարյանի բարձր՝ 10-րդ, հորիզոնականում հայտնվելը, Տ. Սարգսյանի պարզաբանմամբ, բացատրվում է հենց այդ սկզբունքով: Մանվել Գրիգորյանի վերաբերյալ վարչապետը նշեց, որ նա մի մարդ է, որն իր կենսագրությամբ ապացուցել է, որ այս պետության և ժողովրդի նվիրյալ զավակն է:
«Այսօրվա դրությամբ ոչինչ չի բացառվում՝ Հովիկ Աբրահամյանը կվերադառնա ԱԺ, թե ոչ: Դա պայմանավորված է նրանով, թե ինչքան քվե կստանա ՀՀԿ-ն: Ունենալու ենք բացարձակ մեծամասնություն և ձևավորելու ենք և՛ ԱԺ, և՛ կառավարություն՝ ցանկալի սցենար է մեզ համար, բայց ավելի մանրամասն՝ ընտրություններից հետո»,- ասաց վարչապետը`հավելելով, որ ցուցակում ապահովել են բազմազանություն՝ մտավորականներ, մշակույթի գործիչներ, ազատամարտիկներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ:
Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն քաղաքական դինոզավրեր է բերում դաշտ, Տ. Սարգսյանը պատասխանեց. «Ժողովրդի վստահության քվեով է որոշվում՝ ով է հնամաշ քաղաքական գործիչ, ով է հմուտ և փորձառու գործիչ, և ում է ժողովուրդն ուզում տեսնել: Կարեն Դեմիրճյանի մասին կարելի էր ասել, որ նա կոմունիստական ռեժիմի քաղաքական գործիչ է, բայց անցան տարիներ, ժողովրդի վերաբերմունքը փոխվեց, և նա ունեցավ նման ռեյտինգ»:
ԲՀԿ համագումարում հնչած գնահատականների կոշտ լինելու հետ Տ. Սարգսյանը չհամաձայնեց: Ըստ նրա՝ բարձրացրած խնդիրները մշտապես գտնվում են կոալիցիոն բոլոր գործընկերների ուշադրության կենտրոնում, և նախարարները զբաղված են այդ խնդիրների լուծմամբ. «Մենք նույնպես բազմաթիվ պրոբլեմներ ենք մատնանշում: Ինքնաքննադատությունը լավ բան է և երաշխիք է, որ ապագայում դրանք կշտկվեն»:








































