Մարտի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում և Վրաստանում նորանշանակ պապական նվիրակ Նորին Սրբազնություն Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկուն:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մարեկ արքեպիսկոպոսին նշանակման առիթով` հաջողություն մաղթելով իր առաքելության մեջ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու հարաբերություններին, մասնավորապես Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Վատիկանի միջև ձևավորված սերտ համագործակցությանը: Վերհիշելով Հովհաննես Պողոս Բ Պապի այցը Հայաստան 2001թ.` Նորին Սրբությունն իր խոսքում ընդգծեց, որ նման փոխադարձ այցելությունները նորոգում և ամրապնդում են երկու Եկեղեցիների կապերը: Այդ առումով կարևորվել են նաև շփումները և համագործակցությունը թեմական և ծխական մակարդակի վրա:
Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:






































