Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մարտի վերջին կայանալիք Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) առաջնորդների հանդիպման անվտանգությունը կապահովի ավելի քան 100 ռազմական ինքնաթիռ: Այս մասին հաղորդում է իրաքյան Al-Sabah թերթը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի պաշտոնական զեկույցը:
Երեկ երեկոյան վարչապետը նիստ է անցկացրել ԱՊԼ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներում ներգրավված բոլոր պրոֆիլային կոմիտեների հետ:
«Իրաքի կառավարությունը բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել է, որպեսզի հանդիպումը Բաղդադում անցնի բարեհաջող՝ առանց որևէ, անգամ փոքր միջադեպերի»,- ասվում է փաստաթղթում:
ԱՊԼ հերթական՝ 29-րդ գագաթնաժողովը տեղի կունենա մարտի 29-ին Բաղդադում: Հանդիպմանը կնախորդեն արաբական պետությունների էկոնոմիկայի նախարարների (մարտի 27) և արտգործնախարարների (մարտի 28) հանդիպումները:
Անցյալ ամսվա վերջին ԱՊԵ պատվիրակությունը ստուգիչ այց կատարեց Իրաքի մայրաքաղաք՝ գագաթնաժողովի աշխատանքները նախապատրաստելու, ինչպես նաև մասնակիցների անվտանգությունն ուսումնասիրելու համար:
Այցի ավարտին ԱՊԼ-ն վերջնական որոշում կայացրեց հանդիպումն անցկացնել Իրաքի մայրաքաղաքում՝ չնայած այստեղ պահպանվող բարդ իրավիճակին:
Մի քանի օր առաջ ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին հայտարարեց, որ Բաղդադի հանդիպումից մեծ ակնկալիքներ չունի: Նրա խոսքերով՝ հանդիպումը Բաղդադում անցկացնելու փաստն ինքնին արդեն նշանակալից իրադարձություն է արաբական միասնության հարցում: Հիշեցնենք, որ Բաղդադում ԱՊԼ գագաթնաժողով չի անցկացվել 20 տարի:








































