Թուրքիայում գործում են 3 տիպի ազատ գոտիներ։ Դրանցից առաջինում՝տեխնոպարկերում, տեղակայվում են, օրինակ, ՏՏ ոլորտի ընկերությունները: Նման գոտիները 39-ն են, որոնցից 27-ն աշխատում է, 12-ը գործարկման ընթացքում է. դրանք բավական մեծ աշխարհագրական բաշխվածություն ունեն: Նման գոտում գործող ձեռնարկությունները մինչև 2024 թ. ազատված են շահութահարկից, աշխատողները՝ եկամտահարկից, կան որոշակի չափանիշներ, և եթե ընկերությունը համապատասխանում է դրանց, կարող է գործել այդտեղ:
Երկրորդ տիպը մոտ 150 արտադրական գոտիներն են, որոնք ապահովված են շատ ավելի էժան ենթակառուցվածքներով, իսկ հարկային բեռը 50%-ով թեթև է: Երրորդ տիպի գոտիները մաքսային արտոնություններ ունեցողներն են, որոնք նավահանգիստների, օդանավակայանների մոտ են տեղակայված:
Ինչպես այսօր քննարկման ժամանակ հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ՀՀ-ում առկա է անհստակություն` ազատ գոտում գործունեություն ծավալելու համար պետք է դիմել կառավարությանը, որը կամ թույլ կտա, կամ ոչ. «Խաղի կանոնները պետք է որոշակիացվեն, և թե՛ դրսի, թե՛ ներսի ընկերությունների մոտ հետաքրքրություններն էականորեն կավելանան»:
Ըստ նրա՝ ազատ տնտեսական գոտու մասին օրենքն ընդունվել է անցած տարվա մայիսին, սեպտեմբերին կառավարությունը ազատ գոտու կազմակերպման որոշակի կարգեր պետք է ընդուներ, սակայն դեռ որևէ տեղեկություն չկա այդ մասին: Ազատ տնտեսական գոտի կազմակերպելու մասին կառավարության որոշումից հետո 1 տարվա ընթացքում եթե այն չի սկսում գործել, չեղյալ է համարվում:
Արդեն բավականին ժամանակ է, որ «Սիտրոնիքս»-ը հայտարարված է որպես կազմակերպիչ, բայց փաստացի գործողությունները չեն երևում, հստակ չէ, թե ինչ հարկային արտոնություններ են լինելու, դժվար է ասել, թե ով է ձգտելու գնալ այդ գոտի:
Էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Հովհաննես Ավետիսյանը հայտարարեց, թե օրենսդրական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները կատարվել են, որոնք տեղադրված են նախարարության կայքում, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, իսկ «Սիտրոնիքս»-ին տրվել է կազմակերպչի կարգավիճակ, և հաջորդ ամիս պետք է պայմանագիր կնքվի:
«Բայց եթե շահառուն չգիտի…»,- հակադարձեց Կ. Վարդանյանը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը պարզաբանեց, որ կառավարության պարտավորությունների շրջանակում է գոտու կազմակերպչի մրցույթի հայտարարումը, և այժմ կազմակերպիչ ընտրված «Սիտրոնիքս»-ը պետք է ասի, թե ինչ է անում, ու փորձի ընկերությունների ներգրավել. «Կառավարությունը պետք է բոլոր լծակներով ստիպի, որ արագ կերպով հայտարարեն խաղի կանոնները, պայմանները, գնային քաղաքականությունը, և կազմակերպությունները որոշեն՝ մտնում են, թե ոչ»:
Նա հույս հայտնեց, որ շուտով Գյումրին և Զվարթնոցը ևս կդիմեն՝ ստանալու համար ազատ գոտու կազմակերպչի կարգավիճակ:











































