Euronews-ի փոխանցմամբ՝ երեկ Անկարա է ժամանել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, որին ընդունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Բուլղարիայի գազային աղբյուրների ներկրման դիվերսիֆիկացման հարցը:
Կողմերը հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է, որ Բուլղարիան կառուցելու է թուրք-ադրբեջանական TANAP (Անդրանատոլիական) գազատարի 80 կիլոմետրանոց ճյուղ: Թուրքիայի հյուսիս-արևմուտքից մինչև Բուլղարիայի հարավ կառուցվելիք այդ խողովակաշարով արտակարգ իրավիճակների առաջացման (ռուսական գազի ներկրման դադարեցման) դեպքում ադրբեջանական գազը կհասնի Բուլղարիա: Խոսքը տարեկան 1 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման մասին է:
Հիշեցնենք, որ TANAP-ի տարեկան թողունակությունը կազմելու է 16 միլիարդ խորանարդ մետր: Ադրբեջանական գազը դրանով կհասնի Թուրքիայի արևմտյան հատված, իսկ այնտեղից էլ՝ Եվրոպա: 16 միլիարդ խորանարդ մետրից 6 միլիարդ խորանարդ մետրը վաճառվելու է Թուրքիային, իսկ մնացածը նրա տարածքով տարանցվելու է դեպի Եվրոպա: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ադրբեջանական գազը կարող է արդեն իսկ 2013 թվականին հայտնվել Բուլղարիայում:








































