Թուլուզում պայթյուն է տեղի ունեցել այն տան հատվածում, որտեղ ոստիկանությունը հատուկ գործողություններ է անցկացնում, և որտեղ թաքնվում է հրեական դպրոցի վրա կրակ բացած հանցագործը,- հաղորդում է BBC-ն: Ականատեսները հայտնում են, որ ձայնը լսվել է մոտ 100 մետր հեռավորության վրա:
Դեպքի վայրից լրագրողները հայտնում են, որ կասկածյալը նետել է ձեռքի ատրճանակը և կապի մեջ մտել: Սակայն այս պահին նա դեռ զինված է «Կալաշնիկով» ավտոմատով և Uzi ատրճանակով:
Բացի այդ, ոստիկանությունը հայտնել է նրա անունը. կասկածյալը ծնունդով Ալժիրից, 24-ամյա Մուհամմեդ Մերան է:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեանը Reuters-ին հայտնել է, որ բանակցությունների ընթացքում կասկայծալը համաձայնել է կեսօրից հետո հանձնվել ոստիկանությանը: «Մենք պատրաստվում ենք նրան ողջ վերցնել, որպեսզի նա կանգնի դատարանի առաջ»,- ասել է նա:
Տան վրա գրոհը շարունակվում է, գործողությանը մասնակցում է 300 ոստիկան: Այն գլխավորում է անձամբ ՆԳ նախարարը: Այսօր ավելի վաղ նա հայտնել էր, որ հանցագործը ցանկանում էր վրեժ լուծել հրեաներից պաղեստինցի երեխաների համար, իսկ ֆրանսիական բանակից՝ արտասահմանում ռազմական գործողություններին նրա մասնակցության համար:
Հիշեցնենք. երկուշաբթի անհայտ անձը անկանոն կրակ էր բացել Թուլուզի հրեական դպրոցի մոտ հավաքված ծնողների և երեխաների վրա, որի հետևանքով զոհվել էր 3 երեխա և մեկ ուսուցիչ:
Անցյալ շաբաթ Թուլուզում ևս երկու նման սպանություն էր կատարվել, երբ նույն մոտոցիկլետով տղամարդը սպանել էր երեք դեսանտայինների: Իսկ կիրակի ենթադրաբար նույն մարդը Թուլուզի բնակելի թաղամասերից մեկում սպանել էր 30-ամյա մի զինվորի:









































