Խաչատուր Սուքիասյանի եղբայր Սարիբեկ Սուքիասյանը մարտի 20-ին պատգամավորության թեկնածու է առաջադրվել Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել էր Խաչատուր Սուքիասյանը:
Մինչ այս իր չառաջադրվելու մասին պարզաբանման մեջ Սարիբեկ Սուքիասյանը նշել էր. «Որպեսզի հասարակությունը տեղյակ լինի, և նրան թյուրիմացության մեջ չգցեն, պարզաբանում եմ, որ ես զբաղվում եմ տնտեսական գործունեությամբ և պատգամավոր դառնալ չեմ ցանկանում»:
«Խաչատուր և Սարիբեկ Սուքիասյանների միջև սարերի ու ձորերի տարբերություն կա, իհարկե՝ Սարիբեկը զիջում է Խաչատուրին բոլոր առումներով՝ և՛ հանրային ընկալման, և՛ պատրաստվածության, և՛ քաղաքական փորձի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց PR մասնագետ Կարեն Քոչարյանը՝ ավելացնելով, որ, իհարկե, Խաչատուր Սուքիասյանը աշխատելու է Սարիբեկ Սուքիասյանի ընտրարշավին, ցույց է տալու, որ ինքն է առաջնորդում, բայց Սարիբեկը զիջում է եղբորը, ընդ որում՝ շատ:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս դեպքում նվազեն Սարիբեկ Սուքիասյանի հաղթանակի շանսերը, Կարեն Քոչարյանը պատասխանեց՝ չեմ կարող ասել:











































