Բարելավվել է մեկ շաբաթ առաջ Շվեյցարիայում աշակերտական ավտոբուսի վթարից տուժած երեք աղջիկների վիճակը: Այդ մասին ասվում է Լոզանի համալսարանական հիվանդանոցի այսօր տարածած հաղորդագրության մեջ: Այնտեղ են գտնվում այդ երեք երեխաները:
«Ծանր շրջանից հետո երեք երեխաների վիճակը բավական լավացել է, և նրանց կյանքին անմիջական վտանգ չի սպառնում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիվանդանոցը տեղյակ է պահում, որ երկու աղջիկները, որոնց մոտ գանգուղեղային վնասվածքներ էին, դուրս են բերվել կոմայից: Եվս մեկ աղջիկ, որը ողնուղեղի վնասվածք էր ստացել, ցուցաբերում է հուսադրող առաջընթաց և շարժում է մատները:
Երեք տուժածների համար հիմա սկսվում է երկար վերականգնման փուլ, և մոտ ապագայում կքննարկվի նրանց հայրենիք ուղարկելու հարցը:
Վթարը, որի ժամանակ երեխաներ էին տուժել, տեղի էր ունեցել մարտի 13-ին: Ավտոբուսի 52 ուղևորներից 28-ը մահացել էին, 24–ը՝ վիրավորվել:








































